Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունը, անտարակույս, հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն են, որոնց շուրջ աղմուկը տակավին չի հանդարտվել: Եվ դա հասկանալի է՝ կատարվածը աննախադեպ է մի շարք առումներով՝ քաղաքական, իրավական, մշակութաբանական, բարոյահոգեբանական եւ այլն: Այն դեռ երկար կհիշվի՝ իբրեւ ազգային-պետական խայտառակություն եւ իբրեւ խարան մեր ազգի ճակատին: Վարչական պաշարամիջոցների այսքան անզուսպ, լպիրշ ու լայնածավալ կիրառման երկրորդ դեպք Հայաստանում ոչ ոք չի հիշում:
Անշուշտ՝ շատերի համար այս ընտրությունները դաս կհանդիսանան՝ կյանքի դաս, թե ինչպիսին չպետք է լինի մարդ արարածը, քաղաքական գործիչը, առավել եւս՝ առաջնորդը, որին ընդօրինակում են, մեծարում են եւ որից պարզապես սովորում են: Հազարումի ընտրախախտումներով ուղեկցված ընտրություններն ավարտվեցին, բայց երկրում առկա քաղաքական ճգնաժամը ոչ միայն շարունակում է մնալ չհաղթահարված, այլեւ գնալով ավելի ու ավելի է խորանում՝ առանձնապես հունիսի 7-8-ն անցկացված խնդրահարույց ընտրությունների համատեքստում:
Ակնհայտ է, որ ձեւավորվելիք նոր Ազգային ժողովն էությամբ եւ բովանդակությամբ լինելու է նույնը կամ գրեթե նույնը, ինչ՝ 2021 թվականի խորհրդարանը: Մեծ հաշվով՝ այն Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին էական որեւէ փոփոխություն հազիվ թե կբերի: Նույն ատելության խոսքն է հնչելու՝ գլխավորապես Փաշինյանի «կատարմամբ», նույն հայհոյախոսությունը, ինչին նախորդ գումարման ԱԺ ամբիոնից տհաճությամբ էինք ունկ դնում: Հինգ տարվա մեջ քաղաքական ոչ մի իմաստալից միտք, ոչ մի ուշագրավ գաղափար այդ ամբիոնը չերկնեց:
Այս ընտրություններից հետո հանրային ու փորձագիտական շրջանակներն ակտիվորեն քննարկում են դրանց նախնական արդյունքները, թույլ տրված կոպտագույն, տեղ-տեղ զանցանքների հասնող թերացումները, իսկ առաջատար ընդդիմադիր եռյակը, ինչպես հայտնի է, յուրաքանչյուրն իր մասով դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ նախընտրական քարոզարշավի փուլից սկսած՝ մինչեւ քվեարկությունների ավարտ տեղ գտած մեծաթիվ ընտրակեղծիքների ի հայտ բերման, մասնավորապես՝ քվեների մանրազնին վերահաշվարկի պահանջով: Ճշգրտված արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի հունիսի 14-ին:
Ինչպե՞ս են, ուրեմն, այս օրերին գործերն ընդդիմության լոկոմոտիվ համարվող «Ուժեղ Հայաստան» դաշինքում, որտեղ շոշափվող կարեւոր հարցերից մեկը պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու մասին է: Դաշինքի մամլո խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը շեշտում է, որ «Ուժեղ Հայաստանը» պատասխանատու քաղաքական ուժ է, հետեւաբար՝ «ցանկացած որոշում կայացնելիս՝ մենք պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունը եւ մեր երկրի առաջնային շահը»: Ղահրամանյանի խոսքով՝ ընտրություններն ընթացել են «տոտալ խախտումներով», որոնք, ըստ նրա, արձանագրվել են ոչ միայն բուն քվեարկության օրը, այլեւ ամբողջ նախընտրական շրջանում:
Խոսքի շարունակության մեջ խոսնակը հավելում է, որ վարչական ապարատը եւ քրեական գործիքակազմը լայնորեն կիրառվել են, եւ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ զանգվածային հետապնդումների ալիք է եղել: «Բուն քվեարկության օրը արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին արձագանքներ են հնչել մամուլում»,- ասել է նա: Հիրավի, կան տեսանյութեր, որոնցում հստակ երեւում է, թե ինչպես ժամը 20:00-ից, այսինքն՝ քվեարկության ավարտից հետո, մի շարք տեղամասերում զինծառայողները դեռ շարունակում էին քվեարկություններ իրականացնել:
Պահպանվող տեսանյութերն ինքնին բավական խոսուն են, մեկնաբանելու կարիք չկա: Ակնհայտ է, որ զինծառայողներին միտումնավոր տեղամաս էին բերել քվեարկության ավարտից հետո, որպեսզի իշխանությունները մինչեւ լուսաբաց հասցնեն կատարել իրենց «սեւ գործը»: Ինչպես պարզվեց հետո, բազմաթիվ տեղամասերում «Ուժեղ Հայաստան»-ից գողացված ձայները, բացի ՔՊ-ից, բաշխվել էին նաեւ մերձիշխանական ուժերի միջեւ: Ի դեպ, «կողոպուտի» է ենթարկվել նաեւ ՀՀ երկրորդ նախագահի առաջնորդած քաղաքական ուժի քվեների մի պատկառելի քանակություն: Հուսանք՝ վերահաշվարկի ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե, իհարկե, այդ գործընթացը եւս իր ձեռքը չվերցնի բոլորիս հայտնի ինքնահռչակը:
«Հայաստան» դաշինքը, որ ընդդիմադիրներից ամենափորձառուն է, հարյուրավոր ընտրատեղամասերում վերահաշվարկների դիմում-բողոքներ է ներկայացրել՝ փորձելով ցույց տալ կեղծարարությունների ողջ տեսածիրը: Դաշինքը չի ընդունում ընտրությունների արդյունքները, ուստի պատրաստվում է այն վիճարկել Սահմադրական դատարանում: Տեղեկացանք, որ հետագա պայքարի մարտավարությունն են մշակում՝ ելնելով հանրային կարծիքներից: «Հետեւում ենք արձագանքներին, կարծիքներին՝ հասկանալու համար, թե որ ուղղությամբ ինչ անելիքներ են մեզ սպասում»,- ասել է դաշինքի համակարգողներից Իշխան Սաղաթելյանը՝ կարեւորելով աշխատանքը ժամանակի ոգով կազմակերպելու հարցում հանրային կարծիքի գործոնը:
Նրա գնահատմամբ՝ ընտրություններն անցել են անազատության, բռնաճնշումների ու անհավասարության պայմաններում, ինչի մասին կան բազմաթիվ կոնկրետ փաստեր: Սաղաթելյանն ասում է՝ դեռեւս պարզ չէ՝ դաշինքը միայնա՞կ, թե՞ մյուս ընդդիմադիրների հետ կդիմի ՍԴ, սակայն, ըստ նրա, ցանկալի է, որ մյուսները եւս գնան նույն ճանապարհով: Դաշինքի համակարգողը որոշ փակագծեր է բացում՝ նշելով, թե ինչ փաստեր են դրվելու իրենց հայցադիմումների հիմքում: Չի բացառվում, որ ընտրախախտումների ծավալով պայմանավորված՝ պահանջվի գնալ կրկնական քվեարկությունների տարբերակով: Սա նշանակում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունները եւ անցկացնել նոր ընտրություններ:
Թիվ մեկ թեման, որն ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինտենսիվ քննարկման նյութ էր դարձել ընդդիմության ճամբարում, մանդատները վերցնել-չվերցնելուն էր վերաբերում: Ներկա պահին խորհրդարան անցած «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստանը» դաշինքները քննարկում են ամենատարբեր դիպաշարեր, այդ թվում՝ մանդատներից հրաժարվելու տարբերակը։ Բայց այս խնդրում կան մի քանի նրբերանգներ, որոնք պահանջում են ավելի խորքային ուսումնասիրություն՝ զգացմունքային ընկալումներից զերծ:
Խառնակ իրավիճակ է այս օրերին նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, ինչի մասին գրեց մամուլը: Ըստ այդմ՝ իշխանությունը Ծառուկյանին պարզ գործարք է առաջարկել՝ ԲՀԿ-ն խորհրդարան կմտնի, եթե համաձայնվի դառնալ Փաշինյանի, այսպես ասած, «գրպանային» ընդդիմություն՝ հարկ եղած դեպքում նրան 3/5-րդ մեծամասնություն ապահովելու համար: Ծառուկյանը մերժել է առաջարկը, այդ պատճառով էլ ԿԸՀ-ն հայտարարել է, թե «Բարգավաճը» չի հաղթահարում անցողիկ շեմը: Խոշոր կեղծիքներով 49 տոկոս քվե «պոկած» ՔՊ-ին օդուջրի պես անհրաժեշտ են ԲՀԿ-ի քվեները:
Ծառուկյանին թողնվում է «Գործարք՝ մանդատի դիմաց» տարբերակը, սակայն նա, մյուս ընդդիմադիրների նման, նախընտրում է գնալ վերահաշվարկի ճանապարհով: Իսկ մինչ այդ, քվեարկության գիշերը ՔՊ-ի հաղթանակի մասին հայտարարելիս՝ ինքնահռչակը նախընտրական քարոզարշավի իր սպառնալիքների ոճով մոլեգնում էր, թե՝ «Ռոբերտ Քոչարյանը նստելույա, Գագիկ Ծառուկյանը նստելույա, Սամվել Կարապետյանը նստելույա…»: Կարապետյանն արդեն իսկ տնային կալանքի տակ է, իսկ Ծառուկյանի դեմ «գործը» չուշացավ՝ օրերս դատախազությունը հայտնեց, որ նրա դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու հոդվածով: Ծառուկյանը չի կարող լքել երկիրը:
Ընդդիմադիր եռյակից «անվնաս» մնաց միայն Քոչարյանը, որի դեմ էլ, հավանաբար, այս էլ քանիերորդ անգամ կպտտեցնեն «Մարտի 1»-ի ծանոթ ձայնասկավառակը: Կստացվի՝ ինչպես տերյանական հայտնի երգում. «Պտտվի՛ր, պտտվի՛ր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել…»
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Նախնական արդյունքներով՝ ընտրություններում «Քաղպայմանագրից» հետո ամենաշատ ձայները ստացած «Ուժեղ Հայաստան» դաշինքը պատրաստվում է հունիսի 12-ին դիմել ԿԸՀ՝ պահանջելու «չեղարկել ընտրության արդյունքները եւ վերանայել իշխող ուժի ձայները»: «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտնել է՝ եթե ԿԸՀ-ից առարկայական պատասխան չստանան, կդիմեն նաեւ Սահմանադրական դատարան: ՍԴ դիմելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը: Նարեկ Կարապետյանը պնդել է, թե ընտրություններում կեղծիքներ են եղել, պետական աշխատողներին, զինվորներին ուղղորդել են քվեարկել Փաշինյանի կուսակցության օգտին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի առթիվ: ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. «Իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026թ. հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացված ԱԺ ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղպայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ, եւ հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձեւավորելու գործում»: Էրդողանը Փաշինյանին մաղթել է առողջություն եւ բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում ու երջանկություն:
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունում է Արթուր Օսիպյանի ազատ արձակումը: «Սա դրական զարգացում է: Ժողովրդավարության, հիմնարար իրավունքների, պատշաճ գործընթացի եւ արտահայտվելու ազատության նկատմամբ հարգանքը Եվրամիության եւ Հայաստանի ընդհանուր արժեքների առանցքային մաս են կազմում»,- գրել է եվրոպացի դիվանագետը X-ում: «Մենք կշարունակենք հետեւել գործին»,- ասված է Մարագոսի գրառման մեջ: Վարչապետի հետ վիճելուց հետո ձերբակալված Օսիպյանը Նուբարաշենի բանտում 23 հացադուլային օր անցկացրեց եւ կալանքից ազատ արձակվեց ընտրություններից երկու օր առաջ:
«Բարգավաճ Հայաստան»-ի պահանջով թիվ 27/7 եւ թիվ 27/26 ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկի արդյունքում կուսակցության օգտին կավելանա 92 ձայն: Թիվ 27/7 տեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվեց՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե միտում չի եղել, այլ ընդամենը «թվերը մուտքագրելու ժամանակ կայքի առաջին տողը թռել է, եւ մեկ վանդակով բոլորի թվերը շեղվել է»: Թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո էլ պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ: ԿԸՀ-ն, սակայն, 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն: Միայն 4 ընտրատեղամասերում, ըստ ԲՀԿ-ի տվյալների, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:
Հունիսի 10-ին Պնախարարության սպա է մահացել: Պատճառների մասին Քննչականն ու ՊՆ-ը լռում են: Քննչական կոմիտեից «Ազատությանը» միայն հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել: Անգամ հրաժարվում են հոդվածը նշել: Ըստ «Փաստինֆո»-ի՝ սպան մահացել է Բաղրամյան զորամարզադաշտում տանկային վարժանքների ընթացում։ ՊՆ-ից այս տեղեկությունը չեն հերքել, բայցեւ «Ազատության» զանգերին չեն արձագանքում:
Նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստանից» մոտ 700 հոգի է ձերբակալվել, կալանավորվել՝ հայտնում է կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։ Նախնական տվյալներով՝ երկրորդ ամենաշատ թվով ձայները ստացած ուժը պնդում է, թե վարչական ռեսուրսի օգտագործման ահազանգեր են ստացել, մոտ 50 ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու դիմում ներկայացրել։ «Քաղպայմանագիր»-ն ու իրավապահները հերքում են քաղաքական հետապնդման մեղադրանքները, պնդում՝ ձերբակալվում են նրանք, ովքեր անօրինականություններ են թույլ տվել։ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների մեծ մասը ձերբակալվել է կաշառք տալու կամ նյութապես շահագրգռելու մեղադրանքներով։

